«ՀԱՅՀԵՂԻՆԱԿԻ» հանդիպումը Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանողների հետ

«ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» հեղինակային և հարակից իրավունքների համահավաք կառավարում իրականացնող հասարակական կազմակերպությունը, ի դեմս տնօրեն Մարինե Ավետիսյանի և Իրավատերերի խորհրդի անդամ Կարեն Արիստակեսյանի, հյուրընկալվել էր Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում։


«ՀԱՅՀԵՂԻՆԱԿՆ» ազնավուրականների հետ խոսել է հեղինակային իրավունքի կարևորության, պետության դերակատարության, օրենսդրական բացերի, ստեղծագործողների իրավունքների և «ՀԱՅՀԵՂԻՆԱԿԻ» անելիքների մասին։


Շնորհակալություն Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջին մեզ հյուրընկալելու և այս կարևոր հանդիպումը նախաձեռնելու համար։ 
Կարդալ ավելին

Քննարկվեց «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը

Այսօր Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Հայաստանի ներդրումային խորհրդի ու ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի կողմից կազմակերպվել էր աշխատաժողով, որի ընթացքում քննարկվեցին «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի նոր խմբագրությամբ նախագիծը։

Աշխատաժողովի ընթացքում բանախոսների կողմից ներկայացվեցին և քննարկվեցին տարբեր հայեցակարգային մոտեցումներ, իրավունքների համահավաք /կոլեկտիվ/ կառավարման և պետական հավատարմագրման վերաբերյալ առաջարկվող իրավակարգավորումներ, իրավունքների խախտման դեպքում պատասխանատվությանը վերաբերող մեխանիզմներ և այլ հարցեր։

Միաժամանակ, շեշտադրվեց ստեղծագործական միությունների, հասարակական կազմակերպությունների, ստեղծագործական մտավորականության, գործարար շրջանակների հետ օրենքի քննարկման անհրաժեշտությունը, դրա ազդեցությունը գործարար և այլ միջավայրի վրա, ինչպես նաև ԱԺ-ի կողմից հանրային լսումների կարևորությունը։

Քննարկմանը մասնակցում էր նաև «ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» հեղինակային և հարակից իրավունքների համահավաք կառավարում իրականացնող հասարակական կազմակերպությունը, որը հանդես եկավ օրենքի շուրջ իր առաջարկություններով ու դիտարկումներով՝ կարևորելով միջազգային իրավունքների չափանիշներին համապատասխան օրենք ունենալու խնդիրը։

Քննարկման վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց նախագծի բովանդակության վերաբերյալ բոլոր առաջարկներն ու դիտողությունները ներկայացնել մինչեւ մարտի 15-ը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ: 
Կարդալ ավելին

Հեղինակային իրավունքի և համահավաք կառավարման վերաբերյալ ազգային աշխատաժողով Երևանում

Այսօր Երևանում ավարտվեց Հեղինակային իրավունքի և համահավաք կառավարման վերաբերյալ ազգային աշխատաժողովը, որը կազմակերպվել էր Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ), Կոմպոզիտորների և երաժշտական ընկերակցությունների համադաշնության («ՍԻԶԱԿ») և ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի կողմից:



Աշխատաժողովի առաջին օրը քննարկվեցին համահավաք կառավարման կազմակերպությունների գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր։ Աշխատաժողովի երկրորդ օրը քննարկվեցին հեղինակային վարձատրության սահմանմանն ու կառավարության կողմից իրականացվող վերահսկողությանը վերաբերող բազմաթիվ հիմնահարցեր։ Պանելային քննարկումները վարում էին «AM» իրավաբանական ընկերության գործընկեր, ՄՍ մասնագիտացված փաստաբան ու հավատարմատար Վանիկ Մարգարյանը և ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչության, արվեստի և գրահրատարակչության ոլորտի քաղաքականության մշակման բաժնի գլխավոր մասնագետ Արմեն Սարգսյանը:



Պաշտոնական ելույթներով, զեկույցներով և մտքերի փոխանակությամբ հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, Մտավոր սեփականության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանը, «Կինոյի հիմնադրամի» տնօրեն Դավիթ Բանուչյանը, ՄՍՀԿ Հեղինակային իրավունքի կառավարման բաժնի իրավաբանական և ծրագրային հարցերով մասնագետ Միյուկի Մոնրոյը, Հեղինակների և կոմպոզիտորների ընկերակցությունների միջազգային համադաշնության տարածաշրջանային ղեկավար Միտկո Չաթալբաշևը, «Զայիկս» կազմակերպության միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Աննա Միսեվիչը, «Արտիսյուս» կազմակերպության գործադիր տնօրեն Անդրաս Զինգերը և «ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» կազմակերպության գլխավոր տնօրեն Մարինե Ավետիսյանը: 
Կարդալ ավելին

Արհեստական բանականության մարտահրավերները CISAC-ի համաժողովում

Հեղինակային իրավունքի ոլորտում գործունեություն իրականացնող իսպանական SGAE կազմակերպությունը մարտի 25-26-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքում հյուրընկալել էր CISAC («Հեղինակների և կոմպոզիտորների ընկերությունների միջազգային համադաշնության») անդամ երկրների պատվիրակություններին։ CISAC-ն ամբողջ աշխարհում ներկայացնում է ավելի քան 5 միլիոն հեղինակների և այլ իրավատերերի։ Կազմակերպությանը անդամակցում է 111 պետության 228 կազմակերպություն:

Կազմակերպված համաժողովը միավորել էր ավելի քան 150 ներկայացուցիչների Եվրոպայի կոլեկտիվ կառավարման կազմակերպություններից, ինչպես նաև՝ ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Կանադայից, Մեքսիկայից և Հայաստանից։

Որպես CISAC-ի հիմնական անդամ՝ Հայաստանի Հանրապետությունը համաժողովին ներկայացնում էր «ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» հեղինակային և հարակից իրավունքների համահավաք կառավարում իրականացնող հասարակական կազմակերպության պատվիրակությունը, ի դեմս Կազմակերպության նախագահ Մարինե Ավետիսյանի։

Համաժողովի հիմնական թեմաներն էին՝ արհեստական բանականության ազդեցությունը ստեղծարար գործունեության ոլորտների վրա և Եվրոպայում կոլեկտիվ կառավարման մարտահրավերները։

Համաժողովի ընթացքում մասնակիցներն արձանագրել են, որ արհեստական բանականության համակարգերը «սնվում» են հեղինակային ստեղծագործություններից, տեքստերից, պատկերներից, երաժշտությունից, որն անընդունելի է, քանի որ օրենքով պաշտպանված ստեղծագործության բովանդակության զանգվածային օգտագործումը, առանց թափանցիկության, արտոնության և հեղինակային վարձատրության, խիստ դատապարտելի է։

Եզրափակիչ խոսքով հանդես է եկել Իսպանիայի մշակույթի նախարար Էռնեստ Ուրտասունը, որը բարձրաձայնել է արհեստական բանականության վտանգների մասին և կոչ արել կազմակերպություններին ստեղծել մոդել, որտեղ հարգվում են ստեղծագործող մարդկանց իրավունքները, քանի որ արհեստական բանականությունը չի փոխարինում ստեղծարար գործունեությանը, այլ, ընդհակառակը, ուղղակիորեն սնվում է նրանից։ 
Կարդալ ավելին

Նորություններ

Տեսնել բոլորը
«ՀԱՅՀԵՂԻՆԱԿ»-ը Դար 21 հեռուստաընկերությանը հյուր 12/10/2026
Դար 21 Հեռուստաընկերության «Օրդ բարի» առավոտյան ծրագրին հյուրընկալվել էին «ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» կազմակերպության տնօրեն Մարինե Ավետիսյանն ու Իրավատերերի Խորհրդի անդամ Կարեն Արիստակեսյանը։ Նրանք մասնավորապես խոսեցին, թե այսօր՝ արհեստական բանականության դարաշրջանում ի՞նչ մարտահրավերների առաջ են կանգնած ստեղծագործողները, ովքե՞ր են հիմնական իրավախախտները, ի՞նչ է անում «ՀԱՅՀԵՂԻՆԱԿՆ» այդ ուղղությամբ և ո՞րն է պետության դերակատարումը հեղինակային իրավունքի պաշտպանության շղթայում։
Կարդալ ավելին
«ՀԱՅՀԵՂԻՆԱԿԻ» հանդիպումը Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանողների հետ 23/09/2026
«ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» հեղինակային և հարակից իրավունքների համահավաք կառավարում իրականացնող հասարակական կազմակերպությունը, ի դեմս՝ տնօրեն Մարինե Ավետիսյանի և Իրավատերերի խորհրդի անդամ Կարեն Արիստակեսյանի, հյուրընկալվել էր Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում։
Կարդալ ավելին
Սկանդինավյան երկրներում ԱԲ-ի օգտագործումը երկու տարվա ընթացքում ավելի քան եռապատկվել է 11/09/2026
Սկանդինավյան երկրների (Դանիա, Նորվեգիա, Շվեդիա և Ֆինլանդիա) սպառողները կոչ են անում ապահովել ավելի մեծ թափանցիկություն, ընտրության հնարավորություն և ստեղծագործողների իրավունքների պաշտպանություն, քանի որ արհեստական բանականությունն ավելի ու ավելի է ներթափանցում առօրյա կյանք։ CISAC-ի անդամ KODA, TONO և Teosto կազմակերպությունների պատվերով YouGov-ի իրականացրած «Թվային երաժշտությունը Սկանդինավյայում» նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ սկանդինավյան երկրներում արհեստական բանականության օգտագործումը ընդամենը երկու տարվա ընթացքում ավելի քան եռապատկվել է՝ 2024 թվականի 20%-ից հասնելով 2026 թվականի 66%-ի։
Կարդալ ավելին
Դատարանը պաշտպանել է հեղինակների իրավունքները AI-ի դեմ 31/07/2026
Մյունխենի տարածաշրջանային դատարանը նախադեպային վճիռ է ընդունել ամբողջ աշխարհում ստեղծագործողների իրավունքների պաշտպանության հարցում։ Մասնավորապես, դատարանն արձանագարել է, որ Suno-ն (երաժշտություն գեներացնող արհեստական բանականության ծառայություն) խախտել է գործող ամերիկյան և գերմանական հեղինակային իրավունքի օրենսդրությունը՝ ԱՄՆ-ում GEMA-ի (Գերմանական GEMA կատարողական իրավունքների ընկերություն) երգացանկից աշխարհահռչակ երգերն օգտագործելով ի շահ իրեն, այն է՝ արհեստական բանականության համակարգը ուսուցանելու նպատակով, ինչպես նաև այդ ստեղծագործությունները պահպանելով իր համակարգում և առանց թույլտվության վերարտադրելով դրանք։
Կարդալ ավելին
Հաճախ տրվող հարցեր

Հաճախ տրվող հարցեր

  • Ո՞վ է հեղինակը, որո՞նք են հեղինակի իրավունքները

    Հեղինակ է ճանաչվում այն ֆիզիկական անձը, ով ստեղծել է ստեղծագործությունը:

    Հեղինակային իրավունքը հեղինակի բացառիկ անձնական ոչ գույքային և բացառիկ գույքային իրավունքներն են իր ստեղծագործության նկատմամբ։

    «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն, Հեղինակի անձնական ոչ գույքային իրավունքները ապահովում են ստեղծագործության նկատմամբ նրա մտավոր և անձնական կապերը:

    Հեղինակին են պատկանում ստեղծագործության նկատմամբ հետևյալ անձնական ոչ գույքային իրավունքները`

    ա) ստեղծագործության հեղինակ ճանաչվելու (հեղինակության իրավունք).

    բ) ստեղծագործությունն իր անվամբ, կեղծանվամբ կամ անանուն օգտագործելու կամ այդպիսի օգտագործումը թույլատրելու (հեղինակի անվան իրավունք).

    գ) ստեղծագործությունը հնարավոր աղավաղումներից, փոփոխություններից կամ հեղինակի համբավին կամ արժանապատվությանը վնաս հասցնող այլ ոտնձգություններից պաշտպանելու (հեղինակի համբավի և արժանապատվության իրավունք).

    դ) ստեղծագործությունը ցանկացած ձևով առաջին անգամ հրապարակելու կամ այդ իրավունքը այլ անձի վերապահելու (հրապարակման իրավունք).

    ե) ստեղծագործությունը հրապարակելու մասին նախկինում ընդունած որոշումից հրաժարվելու (հետկանչի իրավունք), եթե հրապարակվող ստեղծագործությունն այլևս չի համապատասխանում իր համոզմունքներին, և այդ հրապարակումը բացասական ազդեցություն կունենա իր հեղինակության վրա՝ ստեղծագործությունն օգտագործելու իրավունք ունեցող անձանց պատճառած վնասները (ներառյալ` բաց թողնված օգուտը) հատուցելու պայմանով։ Եթե ստեղծագործությունն արդեն իսկ լույս է ընծայվել, հեղինակը պարտավոր է հրապարակայնորեն ծանուցել դրա հետկանչի մասին: Ընդ որում, նա իրավունք ունի ստեղծագործության նախկինում պատրաստված օրինակները շրջանառությունից հանելու` հոգալով անհրաժեշտ ծախսերը: Սույն մասի դրույթները չեն տարածվում համակարգչային ծրագրերի, տեսալսողական ստեղծագործությունների, տվյալների բազաների, ինչպես նաև ծառայողական ստեղծագործությունների վրա, եթե հեղինակի և գործատուի միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

    3. Անձնական ոչ գույքային իրավունքներն անօտարելի և անփոխանցելի են և պահպանվում են անժամկետ, բացառությամբ հետկանչի իրավունքի, որը գործում է միայն հեղինակի կյանքի ընթացքում։

    «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն, Գույքային իրավունքներն ապահովում են հեղինակի նյութական շահերը` տալով հեղինակին բացառիկ իրավունք` թույլատրելու կամ արգելելու իր ստեղծագործության կամ դրա օրինակների օգտագործումը։

    Հեղինակը բացառիկ իրավունք ունի օգտագործելու իր ստեղծագործությունը ցանկացած ձևով և եղանակով, ինչպես նաև երրորդ անձանց թույլատրելու կամ արգելելու դրա օգտագործումը, մասնավորապես`

    ա) ստեղծագործության վերարտադրումը (վերարտադրման իրավունք).

    բ) ստեղծագործության տարածումը (տարածման իրավունք).

    գ) ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները վարձույթով տալը (վարձույթով տալու իրավունք).

    դ) ստեղծագործության բնօրինակի կամ օրինակների փոխատվությունը (փոխատվության իրավունք).

    ե) ստեղծագործության թարգմանումը (թարգմանության իրավունք).

    զ) ստեղծագործության վերամշակումը, վերադաշնակումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը (վերափոխման իրավունք).

    է) ստեղծագործության հաղորդումը հանրությանը (հանրությանը հաղորդման իրավունք).

    ը) ստեղծագործության հրապարակային կատարումը (հրապարակային կատարման իրավունք).

    թ) ստեղծագործության հրապարակային ցուցադրումը (հրապարակային ցուցադրման իրավունք).

    ժ) ստեղծագործության հեռարձակումը (հեռարձակման իրավունք).

    ժա) ստեղծագործության հեռարձակման միաժամանակյա կամ հետագա վերահեռարձակումը (վերահեռարձակման իրավունք).

    ժբ) ստեղծագործության հաղորդումը մալուխով կամ համանման միջոցներով (մալուխով հաղորդման իրավունք).

    ժգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ ձևերով ու եղանակներով օգտագործում:

    2. Հեղինակն իրավունք ունի նաև արգելելու ստեղծագործության՝ առանց իր թույլտվության պատրաստված օրինակների ներմուծումը:

    3. Բացառությամբ սույն օրենքի 22-26-րդ և 36-րդ հոդվածների, հեղինակն իրավունք ունի ստեղծագործության օգտագործման յուրաքանչյուր ձևի դիմաց ստանալու հեղինակային վարձատրություն։ Հեղինակային վարձատրությունից հրաժարվելու մասին պայմանագիրն առոչինչ է։

    4. Հեղինակային վարձատրության չափը և վճարման կարգը սահմանվում են պայմանագրով, որը կնքվում է՝

    ա) հեղինակի և ստեղծագործությունն օգտագործողի միջև.

    բ) գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպության և ստեղծագործությունն օգտագործող անձանց միջև.

    գ) բացառիկ գույքային իրավունքները տիրապետող անձանց և օգտագործողների միջև։

    5. Ստեղծագործությունների հրապարակային կատարման, հեռարձակման, ձայնագրությունների միջոցով վերարտադրության, վարձույթով տալու, դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններն արդյունաբերության մեջ վերարտադրելու համար հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

    6. Ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները վարձույթով տալու կամ փոխատվության իրավունքը պատկանում է հեղինակին, անկախ այդ օրինակների նկատմամբ սեփականության իրավունքից։ Նշված իրավունքը չի տարածվում այն համակարգչային ծրագրերի վրա, որոնք ինքնին վարձույթի հիմնական օբյեկտ չեն կամ ընդգրկված են որևէ մեքենայի կամ արտադրանքի մեջ և բնականոն օգտագործման ընթացքում չեն կարող վերարտադրվել կամ պատճենահանվել:

    7. Օրինական ճանապարհով լույս ընծայված ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները վաճառքի կամ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման այլ միջոցով քաղաքացիական շրջանառության մեջ դրվելու դեպքում դրանց հետագա տարածումն իրականացվում է առանց հեղինակի թույլտվության և հեղինակային վարձատրության, բացառությամբ սույն օրենքի 27-րդ հոդվածով նախատեսված դեպքերի։

  • Արդյո՞ք գաղափարները պահպանվում են հեղինակային իրավունքով

    «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն, 

    1. Հեղինակային իրավունքի օբյեկտներ չեն՝

    ա) ժողովրդական բանահյուսության և արվեստի ստեղծագործությունները.

    բ) օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների և փաստերի մասին տեղեկատվությունը.

    գ) պաշտոնական փաստաթղթերը՝ իրավական ակտերը, պայմանագրերը և դրանց պաշտոնական թարգմանությունները.

    դ) պաշտոնական խորհրդանիշերն ու նշանները (դրոշներ, զինանշաններ, շքանշաններ, դրամանիշներ).

    ե) քաղաքական ելույթները, դատավարության ընթացքում արտասանված ճառերը.

    զ) առանց մարդու ստեղծագործական գործունեության՝ տեխնիկական միջոցների օգնությամբ ստացված արդյունքները։

    2. Հեղինակային իրավունքը չի տարածվում գիտական հայտնագործությունների, գաղափարների, սկզբունքների, մեթոդների, ընթացակարգերի, տեսակետների, համակարգերի, արարողակարգերի, գիտական տեսությունների, մաթեմատիկական բանաձևերի, վիճակագրական դիագրամների, խաղի կանոնների վրա, եթե անգամ դրանք արտահայտված, նկարագրված, բացահայտված, լուսաբանված են ստեղծագործություններում:

  • Ինչպե՞ս է ծագում հեղինակային իրավունքը

    «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն, 

    1. Ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը ծագում է ստեղծագործության ստեղծման փաստով: Ստեղծագործությունը համարվում է ստեղծված, եթե այն արտահայտված է ընկալելու հնարավորություն թույլատրող որևէ օբյեկտիվ ձևով և կախված չէ այդ իրավունքի պաշտոնական հաստատագրումից, ստեղծագործության գրանցումից և որևէ այլ գործողության կատարումից:

    2. Բացառիկ գույքային իրավունքները տիրապետող անձը (հեղինակը կամ սույն օրենքով նախատեսված կարգով դրանք տիրապետող այլ անձը) հեղինակային իրավունքի մասին ծանուցելու նպատակով կարող է օգտագործել հեղինակային իրավունքի պահպանության նշանը, որը զետեղվում է ստեղծագործության բնօրինակի կամ յուրաքանչյուր օրինակի վրա և կազմված է՝

    ա) շրջանագծի մեջ վերցված լատինական «C» տառից.

    բ) բացառիկ գույքային իրավունքները տիրապետող անձի անունից կամ անվանումից.

    գ) ստեղծագործության առաջին լույսընծայման տարեթվից:

  • Հեղինակի գույքային իրավունքի գործողության ժամկետը

    «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի համաձայն,

    1. Հեղինակի գույքային իրավունքները գործում են հեղինակի կյանքի ընթացքում և շարունակում են գործել նրա մահից հետո՝ 70 տարի:

    2. Համահեղինակությամբ ստեղծված ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքները գործում են համահեղինակների կյանքի ընթացքում և շարունակում են գործել համահեղինակներից վերջինի մահից հետո՝ 70 տարի:

    3. Կեղծանվամբ կամ անանուն ստեղծագործությունների դեպքում հեղինակի գույքային իրավունքները ծագում են ստեղծագործությունն օրինական ճանապարհով հանրությանը մատչելի դառնալու պահից և գործում են 70 տարի: Եթե նշված ժամկետում կեղծանվամբ կամ անանուն ստեղծագործության հեղինակի անձը բացահայտվում է, ապա կիրառվում են սույն հոդվածի առաջին մասում նշված ժամկետները:

    4. Կոլեկտիվ ստեղծագործությունների նկատմամբ գույքային իրավունքների գործողության ժամկետը հաշվարկվում է սույն հոդվածի երրորդ մասում նշված կարգով։

    5. Եթե ստեղծագործությունը հրատարակվում է մասերով (հատորներով, պրակներով, շարքերով, սերիաներով, միջարկներով և այլն) և եթե դրա նկատմամբ գույքային իրավունքների գործողության ժամկետը հաշվարկվում է ստեղծագործությունն օրինական ճանապարհով հանրությանը մատչելի դարձնելու պահից, ապա գույքային իրավունքների գործողության ժամկետը յուրաքանչյուր մասի համար հաշվարկվում է առանձին:

    6. Տեսալսողական ստեղծագործությունների նկատմամբ գույքային իրավունքները գործում են դրանց հեղինակներից (ռեժիսոր, սցենարի հեղինակ, երկխոսության հեղինակ, տվյալ ստեղծագործության համար հատուկ գրված երաժշտության հեղինակ, բեմադրող օպերատոր) վերջինի մահից հետո՝ 70 տարի:

    7. Գույքային իրավունքների գործողության ժամկետը լրանալուց հետո ստեղծագործությունը դառնում է հանրության սեփականությունը: Հանրության սեփականություն դարձած ստեղծագործությունը կարող է ազատ օգտագործել յուրաքանչյուր անձ՝ առանց հեղինակային վարձատրություն վճարելու, սակայն պահպանելով հեղինակի անվան, հեղինակության և համբավի ու արժանապատվության իրավունքները:

    8. Սույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվարկվում են համապատասխան նշված իրադարձությանը հաջորդող տարվա հունվարի մեկից:

     

  • Որո՞նք են հեղինակային իրավունքի օբյեկտները

    «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն, Հեղինակային իրավունքի օբյեկտ է համարվում գրականության, գիտության և արվեստի բնագավառներում հեղինակի ինքնուրույն կամ այլ հեղինակների հետ իրականացրած ստեղծագործական աշխատանքի յուրօրինակ արդյունքը (այսուհետ` ստեղծագործություն), որն արտահայտված է բանավոր, գրավոր կամ այլ օբյեկտիվ ձևով, ներառյալ` մշտապես կամ ժամանակավոր պահպանվող էլեկտրոնային ձևը, անկախ ստեղծագործության ծավալից, նշանակությունից, արժանիքներից ու ստեղծման նպատակից:

    Նյութական կրիչի վրա չամրագրված բանավոր ստեղծագործությունը համարվում է օբյեկտիվ ձև ունեցող, եթե այն մատչելի է դարձել հանրությանը հրապարակային կատարման կամ այլ ձևով։

    Հեղինակային իրավունքը տարածվում է ինչպես հրապարակված, այնպես էլ չհրապարակված ստեղծագործությունների վրա:

    Հեղինակային իրավունքի օբյեկտներ են՝

    ա) գրական, գիտական ստեղծագործությունները, ինչպես նաև համակարգչային ծրագրերը.

    բ) գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի, դիզայնի և կերպարվեստի այլ ստեղծագործությունները.

    գ) դրամատիկական և երաժշտադրամատիկական ստեղծագործությունները, սցենարները, սցենարային պլանները, լիբրետոները և բեմական ցուցադրման այլ ստեղծագործությունները.

    դ) պարարվեստի և մնջախաղի ստեղծագործությունները.

    ե) տեքստով կամ առանց տեքստի երաժշտական ստեղծագործությունները.

    զ) տեսալսողական ստեղծագործությունները (կինո-հեռուստաֆիլմերը, անիմացիոն և մուլտիպլիկացիոն կինոնկարները, կարճ երաժշտական տեսահոլովակները, գովազդային, փաստագրական, փաստավավերագրական և այլ ֆիլմերը).

    է) դեկորատիվ-կիրառական արվեստի և բեմական գրաֆիկայի ստեղծագործությունները.

    ը) լուսանկարչական և նման եղանակով ստեղծված ստեղծագործությունները, որոնք համապատասխանում են սույն հոդվածի առաջին մասի դրույթներին.

    թ) քաղաքաշինական, ճարտարապետական, այգեպուրակային արվեստի ստեղծագործությունները և դրանց լուծումները ինչպես ամբողջությամբ, այնպես էլ առանձին մասերը.

    ժ) աշխարհագրությանը, տոպոգրաֆիային, երկրաբանությանը, քաղաքաշինությանը, ճարտարապետությանը և այլ գիտություններին վերաբերող քարտեզները, նախագծերը, էսքիզները և պլաստիկ ստեղծագործությունները.

    ժա) ածանցյալ ստեղծագործությունները, մասնավորապես՝

    - այլ ստեղծագործությունների թարգմանությունները, ադապտացիաները, փոխադրումները, դաշնավորումներն ու վերադաշնավորումները, մշակումներն ու վերամշակումները, բեմականացումները, կինեմատոգրաֆիական վերափոխումները և գրականության, գիտության, արվեստի ստեղծագործությունների այլ վերափոխումները, որոնք համապատասխանում են սույն հոդվածի առաջին մասի դրույթներին,

    - ստեղծագործությունների ժողովածուները (հանրագիտարանները, անթոլոգիաները), տվյալների բազաները և այլ կազմածո ստեղծագործությունները, որոնք ըստ իրենց պարունակության ընտրության և (կամ) տեղաբաշխման ստեղծագործական աշխատանքի արդյունք են.

    ժբ) ստեղծագործության մասերը (անվանումը, կերպարները և այլն), որոնք համապատասխանում են սույն հոդվածի առաջին մասի դրույթներին և կարող են օգտագործվել ինքնուրույն.

    ժգ) տառատեսակները.

    ժդ) սույն հոդվածի առաջին մասի դրույթներին համապատասխանող այլ ստեղծագործություններ։

  • Հեղինակային պայմանագրի պայմանները և ձևերը

    «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի համաձայն,

    2․ Հեղինակային պայմանագիրը, որը կարգավորում է իրավատիրոջ և ստեղծագործության օգտագործման թույլտվություն ստացած անձի (այսուհետ՝ օգտագործող) փոխհարաբերությունները, հատուցելի է և կարող է լինել բացառիկ կամ ոչ բացառիկ:

    3. Հեղինակային ոչ բացառիկ պայմանագրով իրավատերն օգտագործողին տրամադրում է ստեղծագործությունը որոշակի ժամկետում ու պայմանագրում նշված սահմաններում օգտագործելու իրավունք` պահպանելով ստեղծագործության նկատմամբ բացառիկ իրավունքները, այդ թվում՝ այլ անձանց ստեղծագործության օգտագործման թույլտվության իրավունքը:

    4. Հեղինակային բացառիկ պայմանագրով իրավատերն օգտագործողին է փոխանցում ստեղծագործությունը որոշակի ժամկետում ու պայմանագրով նախատեսված սահմաններում օգտագործելու բացառիկ իրավունքը` պահպանելով ստեղծագործության օգտագործման իրավունքն այն մասով, որը նախատեսված է պայմանագրով: Այս դեպքում այլ անձանց կողմից ստեղծագործության օգտագործումն արգելելու իրավունքը կարող է իրականացնել իրավատերը, եթե դա չի կատարում օգտագործողը:

    5. Հեղինակային պայմանագրով փոխանցված իրավունքները համարվում են ոչ բացառիկ, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

    6. Ապագայում ստեղծագործություն ստեղծելու հեղինակի իրավունքները սահմանափակող պայմանագրի պայմաններն առ ոչինչ են:

    7. Հեղինակային պայմանագրի առարկա չեն կարող լինել պայմանագիրը կնքելու պահին անհայտ ստեղծագործության օգտագործման իրավունքները:

    «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածը սահմանում է՝ Հեղինակային պայմանագրի պայմանները և ձևերը․

    1. Հեղինակային պայմանագրում նշվում են փոխանցվող իրավունքների ծավալը, ստեղծագործությունն օգտագործելու եղանակները, օգտագործման իրավունքի փոխանցման ժամկետն ու վարձատրության չափը, վարձատրության չափի որոշման կարգը, վճարման ժամկետն ու կարգը, ինչպես նաև այլ պայմաններ, որոնք կողմերը կհամարեն էական:

    2. Հեղինակային պայմանագրում վարձատրությունը որոշվում է որպես ստեղծագործության համապատասխան օգտագործումից ստացված եկամտի տոկոս, իսկ ստեղծագործության բնույթով պայմանավորված դրա անհնարինության դեպքում՝ պայմանագրում ամրագրված որոշակի գումարի տեսքով կամ կողմերի համար ընդունելի այլ եղանակով: Ընդ որում, ամրագրված գումարի չափը չի կարող ավելի ցածր լինել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերից։ Վարձատրությունն ամրագրված գումարի տեսքով որոշելիս պայմանագրում սահմանվում է ստեղծագործության առավելագույն տպաքանակը:

    3. Հեղինակային պայմանագրում տարածքի վերաբերյալ, որի սահմաններում գործում է ստեղծագործության օգտագործման իրավունքը, պայմանի բացակայության դեպքում պայմանագրի գործողությունը սահմանափակվում է Հայաստանի Հանրապետության տարածքով:

    4. Հեղինակային պայմանագրով չնախատեսված մնացած բոլոր իրավունքները պահպանվում են հօգուտ իրավատիրոջ:

    5. Հեղինակային պայմանագիրը գործում է այդ պայմանագրում նշված ժամկետում, սակայն դադարում է գույքային իրավունքների գործողության ժամկետը լրանալու պահից։ Լիցենզային պայմանագրում ժամկետի պայմանի բացակայության դեպքում դրա գործողության սահմանված ժամկետ համարվում է հինգ տարին:

    6. Պայմանագրի յուրաքանչյուր կողմ կարող է հեղինակային պայմանագրով փոխանցված իրավունքները լրիվ կամ մասնակիորեն փոխանցել այլ անձանց՝ միայն պայմանագրով ուղղակի նախատեսված լինելու դեպքում:

    7. Հեղինակային պայմանագրի պայմանները, որոնք հակասում են սույն օրենքի դրույթներին, կամ սահմանափակում են որոշակի բնագավառում կամ որոշակի տեսակի ստեղծագործություն ապագայում ստեղծելու հեղինակի իրավունքները, առ ոչինչ են:

    8. Հեղինակային պայմանագիրը կնքվում է գրավոր: