ՀԱՅՀԵՂԻՆԱԿԻ մասին
«ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարող հասարակական կազմակերպություն
«ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» հեղինակային և հարակից իրավունքների համահավաք կառավարում իրականացնող հասարակական կազմակերպությունը ստեղծվել է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ հեղինակային և հարակից գույքային իրավունքների համահավաք (կոլեկտիվ) կառավարում իրականացնելու համար։
Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և (կամ) իրավաբանական անձանց անդամությամբ՝ հեղինակ կամ իրավատեր հանդիսացող անձանց հասարակական միավորում է, որը հանդիսանում է իրավաբանական անձ և ունի ոչ առևտրային, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության կարգավիճակ։
Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, հեղինակային և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենսդրությանը, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքին, «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին, ՀՀ այլ օրենքներին և նորմատիվային-իրավական ակտերին, ՀՀ միջազգային պայմանագրերին և միջազգային այլ իրավական ակտերին և Կազմակերպության կանոնադրությանը համապատասխան, ու ղեկավարվում է հեղինակային և հարակից իրավունքների ոլորտում միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով, կանոններով և ստանդարտներով:
«ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների համահավաք կառավարում իրականացնող հասարակական կազմակերպությունը, համաձայն «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի իրականացնում է հետևյալ գործառույթները՝
ա) կնքում է օգտագործողների հետ լիցենզային պայմանագրեր՝ հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների օբյեկտների օգտագործման վերաբերյալ.
բ) համաձայնեցնում է օգտագործողների հետ վարձատրության չափը և լիցենզային պայմանագրի այլ պայմաններ.
գ) համաձայնեցնում է օգտագործողների հետ վարձատրության չափը սույն օրենքով նախատեսված այն դեպքերի համար, երբ վարձատրության հավաքումը կազմակերպությունն իրականացնում է առանց լիցենզային պայմանագիր կնքելու (օրինակ՝ վարձույթով տալը, առևտրային նպատակով հնչյունագրերի օգտագործումը և այլն).
դ) հավաքում է ստեղծագործության կամ հարակից իրավունքների օբյեկտների օգտագործման համար սույն հոդվածի «բ» և «գ» կետերով նախատեսված վարձատրությունը, բաշխում և վճարում իր կողմից ներկայացվող հեղինակային կամ հարակից իրավունքների իրավատերերին.
ե) իրավատերերի ցանկության դեպքում ի պահ է վերցնում հեղինակի ստեղծագործությունը կամ հարակից իրավունքների օբյեկտը և տալիս այդ մասին համապատասխան փաստաթուղթ.
զ) կնքում է փոխադարձ պահպանության համաձայնագրեր օտարերկրյա պետություններում գործող նմանատիպ կազմակերպությունների հետ.
է) հավաքում, բաշխում ու վճարում իրականացնելիս առաջացած փաստացի ծախսերը ծածկելու համար հավաքված գումարներից սահմանված կարգով կատարում է մասհանում.
ը) պահպանվող և չպահպանվող օբյեկտների միաժամանակյա օգտագործման դեպքում չպահպանվող օբյեկտների օգտագործման համար հաշվարկված գումարը փոխանցում է հատուկ հիմնադրամներ, որոնք ստեղծվում են իր կողմից՝ իր ներկայացրած հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների իրավատերերի համաձայնությամբ և ի շահ նրանց.
թ) հեղինակին կամ հարակից իրավունքների իրավատիրոջն օրենսդրությամբ սահմանված հայցային վաղեմության ժամկետում չհայտնաբերելու դեպքում նրան հասանելիք գումարն օգտագործում է ի շահ հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների այլ իրավատերերի և կազմակերպության զարգացման.
ժ) իրականացնում է այլ գործողություններ՝ համաձայն հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատերերի կողմից տրված լիազորությունների.
ժա) կատարում է ցանկացած իրավաբանական գործողություն, որն անհրաժեշտ է իր կողմից կառավարվող իրավունքների պաշտպանության համար.
ժբ) իրավատերերի ցանկությամբ նրանց ներկայացնում է ստեղծագործությունների կամ հարակից իրավունքների օբյեկտների օգտագործման մասին տեղեկատվություն։
«ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների համահավաք կառավարում իրականացնող հասարակական կազմակերպությունը 2001 թվականի դեկտեմբերից «Հեղինակների և կոմպոզիտորների ընկերությունների միջազգային համադաշնության» /CISAC/ անդամ է, որին անդամակցում է 111 պետության 228 կազմակերպություն:
«ՀԱՅՀԵՂԻՆԱԿԸ» գործընկերային հարաբերություններ է հաստատել և ունի «Փոխադարձ շահերի ներկայացման մասին» կնքված պայմանագրեր ավելի քան 50 հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների կառավարում իրականացնող օտարերկրյա կազմակերպությունների հետ:
Համագործակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ։
Կազմակերպությունը ՀՀ մարզերում ունի 10 տարածքային մարզային ստորաբաժանումներ․
1․ «Արագածոտն» մասնաճյուղի կանոնադրություն
2․ «Արարատ» մասնաճյուղի կանոնադրություն
3․ «Արմավիր» մասնաճյուղի կանոնադրություն
4․ «Գեղարքունիք» մասնաճյուղի կանոնադրություն
5․ «Լոռի» մասնաճյուղի կանոնադրություն
6․ «Կոտայք» մասնաճյուղի կանոնադրություն
7․ «Շիրակ» մասնաճյուղի կանոնադրություն
8․ «Սյունիք» մասնաճյուղի կանոնադրություն
9․ «Վայոց ձոր» մասնաճյուղի կանոնադրություն
10․ «Տավուշ» մասնաճյուղի կանոնադրություն
