Դատարանը պաշտպանել է հեղինակների իրավունքները AI-ի դեմ
Մյունխենի տարածաշրջանային դատարանը նախադեպային վճիռ է ընդունել ամբողջ աշխարհում ստեղծագործողների իրավունքների պաշտպանության հարցում։ Մասնավորապես, դատարանն արձանագարել է, որ Suno-ն (երաժշտություն գեներացնող արհեստական բանականության ծառայություն) խախտել է գործող ամերիկյան և գերմանական հեղինակային իրավունքի օրենսդրությունը՝ ԱՄՆ-ում GEMA-ի (Գերմանական GEMA կատարողական իրավունքների ընկերություն) երգացանկից աշխարհահռչակ երգերն օգտագործելով ի շահ իրեն, այն է՝ արհեստական բանականության համակարգը ուսուցանելու նպատակով, ինչպես նաև այդ ստեղծագործությունները պահպանելով իր համակարգում և առանց թույլտվության վերարտադրելով դրանք։
Այդպիսով, դատարանը հաստատել է GEMA-ի դիրքորոշումը. GEMA-ի երգացանկի երաժշտական ստեղծագործությունների շահագործումը և վերարտադրումը ենթակա են լիցենզավորման, և մատակարարները պետք է հեղինակային իրավունքի տերերին վճարեն հոնորարներ: Այս որոշումը GEMA-ի երկրորդ իրավական հաղթանակն է արհեստական բանականության մատակարարի դեմ գործում: 2025 թվականի նոյեմբերին նույն դատարանը որոշում էր կայացրել GEMA-ի օգտին՝ OpenAI-ի դեմ դատական հայցում:
GEMA-ի գործադիր տնօրեն դոկտոր Թոբիաս Հոլցմյուլլերը մեկնաբանելով դատարանի որոշումը, ընդգծել է, որ առանց մարդու արհեստական բանականությունը ոչինչ է․ «Դատարանն այսօր հստակեցրեց. մտավոր սեփականության գողության վրա հիմնված արհեստական բանականության մոդելները չեն պաշտպանվում օրենքով: Արհեստական բանականության մատակարարները պետք է ձեռք բերեն լիցենզիաներ և չեն կարող անվճար օգտագործել մեր անդամների աշխատանքները»:
GEMA-ն ներկայացնում է Գերմանիայում ավելի քան 100․000 անդամների (կոմպոզիտորներ, տեքստերի հեղինակներ և երաժշտական հրատարակիչներ), ինչպես նաև ամբողջ աշխարհում ավելի քան երկու միլիոն իրավատերերի հեղինակային իրավունքները։ Այն երաժշտական ստեղծագործությունների աշխարհի ամենամեծ հավաքագրող ընկերություններից մեկն է։